Monday, October 27, 2014

Ծերունին և ծովը

«Ծերունին և ծովը» ստեղծագործության համար 1954թ. Էռնեստ Հեմինգուեյն արժանացել է Նոբելյան մրցանակի: Ստեղծագործությունն իսկական հեղաշրջում մտցրեց համաշխարհային գրականության մեջ: Առաջին հայացքից այն ուղղակի մի պատմություն է ծեր ձկնորսի մասին, բայց հեղինակի գրչի տակ այն մի իսկական գլուխգործոցի է վերածվում: Ստեղծագործության գլխավոր հերոսը ձկնորս Սանտյագոն է` խեղճ ու միայնակ մի ծերունի, ում ճակատագիրն անմիջականորեն կախված է ծովի հետ, որն էլ ապահովում է նրա համեստ գոյությունը: Բայց ծովը ոչինչ հենց այնպես չի տալիս, գոյատևման համար պետք է երկար ու համառ աշխատանք, ինչով էլ տարեցտարի անցնում է ծերունու կյանքը:
Շատ փորձությունների միջով է անցնում Սանտյագոն, բայց նրա սիրտը միշտ բաց է մնում ծովի բնակիչների համար` կենդանի էակների, որոնք, ինչպես և ինքը, հսկայական աշխարհի մի մասնիկ են կազմում:
Ձկնորսության ժամանակ ծերունին հաճախ է հիշում իր պատանի ընկեր Մանոլինիոյին, ում նա սովորեցրել է ձկնորսական գործի հմտություններին և ում հետ ծերունին բավականին ընդհանրություններ ունի: Նա ուզում էր, որ Մանոլինիոն միշտ իր հետ լիներ: Տղայի առկայությունը ինչ-որ չափով լցնում էր նրա մենությունը:
Վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին` Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։
Հեմինգուեյին Նոբելյան մրցանակ է շնորհվել իր ստեղծագործություններում աշխարհի և մարդկության բացառիկ գիտակցման հասնելու համար: Ով գիտի, ինչքան նոր բաներ մենք դեռ կբացահայտենք, ընթերցելով Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը:

No comments:

Post a Comment